Արցախից տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից

Արխիվային լուսանկար
ՀՀ ԱՍՀ փոխնախարարը վստահեցնում է` ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի անդրադառնա սոցիալական աջակցության տրամադրման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Նշենք, որ այս հարցը շատ արցախցիների համար մտահոգության առիթ է դարձել։
«Մարդկանց սոցիալական կարգավիճակը մենք, միանշանակ, չենք կապելու իրենց իրավական կարգավիճակի հետ։ ՀՀ քաղաքացի դառնալուց հետո նրանց բռնի տեղահանված լինելու փաստը չի պակասելու»,– ասաց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքացիության ձեռքբերումը չի կարող անդրադառնալ սոցիալական աջակցության տրամադրման վրա։
Հավելենք, որ վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։