ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բլինկենը նշել է, որ խաղաղության պայմանագիրը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի տարածած հայտարարություններում։
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ զրույցում ասել է, որ երկարատև հակամարտությունը տառապանք է պատճառել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, ու խաղաղության համաձայնագիրը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Նա խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման ջանքերի մասին։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։