ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ եթե Ադրբեջանի իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, խաղաղության պայմանագիրը կարող է սեղմ ժամկետում կնքվել։
«Ցանկության պարագայում առաջիկա 15 օրերի ընթացքում հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Սկզբունքային բոլոր հարցերի շուրջ եկել ենք ընդհանուր համաձայնության»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար իրենք հարվածի տակ են դրել իշխանությունը, և Հայաստանն այլևս տեղ չունի որևէ զիջում անելու։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ճիշտ չի լինի, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի շրջանակում քննարկի արցախահայերի իրավունքների հարցը, Սիմոնյանը պատասխանեց, որ պետք է այս փուլում կենտրոնանալ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների բացման վրա։
«Հետագայում ինչ–որ ադրբեջանցի Հայաստանում ապրելու ցանկություն կհայտնի կամ որևէ հայ Ստեփանակերտ վերադառնալու ցանկություն կհայտնի, դա ապագայի հարց է։ Հիմա ձև անել, թե ոչ մի բան տեղի չի ունեցել և մարդիկ կարող են վերադառնալ նախկինում ապրած բնակավայրեր, աճպարարություն և սուտ է » ,–ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։