ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե արդյոք վերացե՞լ են այն հիմքերը, ըստ որոնց «ՄՏՍ Հայաստանի» (Viva-MTS ապրանքանիշը, ռուսական «ՄՏՍ» ՀԲԸ դուստր օպերատորը– խմբ.) վաճառքը վնասում է կամ կարող է վնասել պետական շահերին և ազգային անվտանգությանը: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։
«Հայցվող տեղեկատվությունը պարունակում է պետական և առևտրային գաղտնիք, հետևաբար չի կարող տրամադրվել»,– նշել են ԱԱԾ-ից:
«ՄՏՍ Հայաստանի» վաճառքին այսօր անդրադրաձել է նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` նշելով, որ վաճառքի գործընթացը հետևյալ կերպ է եղել` դիմել են բաժնետոմսերի ձեռքբերման համար, փաթեթը հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է զուտ տեխնիկական մասով` արդյոք այն կարո՞ղ է այդ գործունեությունը ծավալել, թե ոչ։
«Մնացած հարցերը` ազգային անվտանգության ու պետական շահի հետ կապված, ներկայացվում են լիազոր մարմին, այսինքն` ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությանը, որը ԱԱԾ հետ քննարկելով` ներկայացնում է եզրակացություն»,– ընդգծեց Բաղրամյանը։
Այն հարցին, որ ՀՀ ԱԱԾ–ն 2023 թ. ապրիլին բացասական դիրքորշում էր ներկայացրել ՀԾԿՀ` վաճառքի այս գործարքի հետ կապված, սակայն արդեն նոյեմբերին փոխել էր դիրքորոշումը, Բաղրամյանը դժվարացավ պատասխանել, թե ինչի արդյունքում է եղել այդ փոփոխությունը։
«Ենթադրում եմ, որ ԱԱԾ–ն կիպրական գնորդ ընկերությունից լրացուցիչ տեղեկատվություն են պահանջել ու ստացել։ Չեմ կարող ասել` ինչ է փոխվել ԱԱԾ դիրքորոշման մեջ, քանի որ ես այդ տեղեկատվության մանրամասները չեմ տեսնում, միայն տեսնում եմ վերջնական եզրակացությունը, որ իրենք խնդիր չունեն վաճառքի փաթեթի հետ կապված»,– հայտարարեց ՀՀ ՀԾԿՀ նախագահը։
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Գործարքին դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերն ու ազգային անվտանգությունը։
Հիշեցնենք նաև, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3–ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն: