Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ Երևան ժամանած ԵՄ փաստահավաք առաքելությանն ընդունել է Հայաստանի փոխվարչապետը։ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներն ու կառավարության միջոցառումները։
▪️ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնել է, որ «2023-ին կիրականացվի և 2024-ին կշարունակվի նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսաթոշակների, նպաստների նշանակումն ու վճարումը»։
▪️ Ադրբեջանը Շուշիում դարձյալ գերեզմանատուն է վնասել` այս անգամ աղբ լցնելով։ Տեղեկությունը X–ի միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը ադրբեջանցիները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը։ Մինչև այդ, Ադրբեջանը ոչնչացրել էր նաև Շուշիի հայկական պատմական գերեզմանոցի մի մասը։ Բուլդոզերները ճանապարհ էին բացել «Երևանյան դարպասներ» կոչվող գերեզմանատնով, որտեղ 1802-1913 թվականների առնվազն 78 հայատառ տապանաքարեր կան։
▪️ «Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցագործողությունների արհեստական հիմքեր»,- նշում է «Թաթոյան» հիմնադրամը։ Սյունիքում կամ Գեղարքունիքում կոնկրետ գյուղերի կամ քաղաքների օրինակով կեղծիքներով «հիմնավորում» են, թե իբր դրանք դատարկվել են «ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած կոտորածների հետևանքով, մարդիկ տեղահանվել, ունեզրկվել են։ Ժամանակաշրջանը, որպես կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների փաստերը:
▪️ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով առևտուրը դեպի Թուրքիա զարգացնելը զգալի խթան կլինի այդ ճանապարհի երկայնքով գտնվող բոլոր երկրների համար։ Սակայն, եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ապա ԱՄՆ-ն, ըստ Ջեյմս Օ'Բրայենի, հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա։
▪️ Գևորգ Գորգիսյանը վայր է դրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահի լիազորությունները: Կուսակցությունը Գորգիսյանի փոխարեն միաձայն ընտրել է Դավիթ Խաժակյանին, որը միակ թեկնածուն էր։