ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեն և Զաքիր Հասանովը ստորագրել են գերատեսչությունների միջև 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը:
Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում, ուր Բուրչուլաձեն ժամանել է` մասնակցելու Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ 10-րդ նախարարական հանդիպմանը:
Մինչ այդ վրացի նախարարը բանակցություններ է վարել նաև թուրք գործընկերոջ հետ։
Հիշեցնենք, որ Բաքվում ընթանում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի եռակողմ ձևաչափով 10-րդ հանդիպումը:
Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են թուրքական Կարսում 2023 թվականի փետրվարին։ Այն ժամանակ նրանք քննարկել են համատեղ զորավարժությունների կարևորությունը։