Թոքաբորբը բացառվել է. Վատիկանը` Հռոմի պապի առողջական վիճակի մասին

Հռոմի պապ
Հովվապետը ջերմություն չունի, իսկ շնչառական համակարգը զգալիորեն բարելավվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը կայուն է, հակաբիոտիկներ է ստանում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
«Ես հաստատում եմ, որ համակարգչային տոմոգրաֆիան բացառել է թոքաբորբը, բայց որոշակի խնդիր կա, ինչը շնչառության դժվարություններ է առաջացրել։ Որպեսզի բուժումն ավելի արդյունավետ լինի, կատետեր են տեղադրել հակաբիոտիկների ներերակային ներարկումների համար», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Հռոմի պապը ջերմություն չունի, իսկ շնչառական համակարգը զգալիորեն բարելավվում է:
Հիշեցնենք` նոյեմբերի 25-ի առավոտյան Վատիկանի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ 86-ամյա քահանայապետը թեթև գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյա ընդունելությունը: Հաջորդ օրը Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ նա հիվանդության պատճառով չի հայտնվի Սուրբ Պետրոսի հրապարակում և կիրակնօրյա քարոզով հանդես կգա տեսակապով իր նստավայրի մատուռից։