ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանում Շվեդիայի հայտի վավերացման գործընթացի մեկնարկը:
«Ողջունում եմ Թուրքիայի խորհրդարանում վավերացման գործընթացի մեկնարկը։ Մենք սպասում ենք, որ Թուրքիայում և Հունգարիայում վավերացման գործընթացները հնարավորինս շուտ կավարտվեն», - Բրյուսելում հայտարարել է Ստոլտենբերգը։
Նա նշել է, որ եկել է Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու ժամանակը։
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին 2022 թվականի մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրին։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձավ դաշինքի 31-րդ անդամը։
Շվեդիայի հայտը մինչ օրս չի արժանացել Հունգարիայի և Թուրքիայի վերջնական հավանությանը։ Շվեդիան` որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է հայտի վավերացման դիմաց նպաստել Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու գործընթացի ակտիվացմանը: