ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՌԴ–ից շարունակվում է մարդկանց ու կապիտալի մեծ ներհոսք դեպի Հայաստան։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր այդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը` խոսելով 2023 թ. պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի մասին:
Ըստ փոխնախարարի` 2023 թ. 9 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալիորեն նպաստել է վերարտահանումը։ Բացի այդ, ՌԴ–ից դեպի ՀՀ փոխանցումները դրական միտում են ունեցել` կազմելով 27.4 տոկոս։
Նրա խոսքով` նշված ժամանակահատվածում զբոսաշրջիկների 48.4 տոկոս աճին ամենամեծ նպաստն են բերել կրկին ՌԴ–ից այցելած անձինք` կազմելով 29.1 տոկոս։
Բացի այդ, Վահան Սիրունյանը ներկայացնելով արտաքին զարգացումները և դրանց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, նշեց, որ ռուս–ուկրաինական պատերազմը շարունակել է զսպող գործոն հանդիսանալ ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա։ Մասնավորապես, ԱՄՆ–ում և Եվրոպայում գնաճը շարունակել է մնալ բարձր թիրախային մակարդակներում, Չինաստանում այն հասել է զրոյական մակարդակի, իսկ ՌԴ–ում այն աճել է` գտնվելով թիրախայինից բարձր մակարդակում։
Ինչ վերաբերում է հումքային ու պարենային շուկաներին, ապա այստեղ գնաճը դանդաղել է` մասնավորապես պղնձի թույլ պահանջարկով պայմանավորված։ Արդյունքում պղնձի համաշխարհային գները նվազել են 5.4 տոկոսով, մոլիբդենի գներն աճել են 43,3 տոկոսով, նավթի գները նվազել են 27 տոկոսով, պարենի գները նվազել են 14,6 տոկոսով։ Սա, ըստ փոխնախարարի` իր ազդեցություն է թողել նաև ՀՀ–ից արտահանվող մետաղական հանածոների գների վրա։