ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի իշխանությունը ՀԱՄԱՍ-ին տեղեկացրել է` հրադադարի ռեժիմը հնարավոր է երկարաձգել, որ ազատ արձակեն Գազայի հատվածից մինչև 50 պատանդի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էյլոն Լևին։
Հայտնել ենք, որ Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ուսամա Համդանն ասել է, որ Գազայում հրադադարը կերկարաձգվի՝ յուրաքանչյուր 10 նոր պատանդի ազատ արձակման համար 1 օրով։
«ՀԱՄԱՍ-ին տեղեկացրել են, որ հրադադարի երկարաձգման հնարավորությունը պահպանվում է։ Մենք ուզումենք լրացուցիչ 50 պատանդի վերադարձնել․.. Հենց դրա համար սահմանված ժամանակը լրանա, Իսրայելն ամբողջ ուժով կվերադառնա երեք հիմնական նպատակների իրականացմանը՝ ՀԱՄԱՍ-ի վերացում, բացառել այն հնարավորությունը, որ Գազայի հատվածը սպառնալիք կներկայացնի Իսրայելին և ազատ արձակել բոլոր պատանդներին», - հայտարարել է Լևին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։