ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պետական պարտքի մեջ դրամային մասնաբաժինը 9 ամսում աստիճանաբար ավելացել է` կազմելով 43 տոկոս։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը` ներկայացնելով 2023 թ. պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի մասին տեղեկանքը:
Նրա խոսքով` պետական պարտքի մեջ ԱՄՆ դոլարով արտահայտված մասնաբաժինը կազմել է 34 տոկոս, իսկ եվրոպարտքը կազմել է 9 տոկոս։
Նա նաև նշեց, որ պետական պարտքի միջին տոկոսադրույքը 2022 թ. տարեվերջի համեմատ 2023 թ. 9 ամսում աճել է 0.7 տոկոսով։
«ՀՀ պետական պարտքն այս պահին գտնվում է ռիսկի սահմանված ուղենիշների շրջանակում»,– ընդգծեց Սիրունյանը։
ՀՀ պետական պարտքն այս պահին կազմում է 4 տրլ 454 մլրդ դրամ կամ 11 մլրդ 322 մլն ԱՄՆ դոլար, որից կառավարության պարտքը կազմում է 4 տրլ 244 մլրդ դրամ կամ 10 մլրդ 790 մլն ԱՄՆ դոլար։
2023 թ. 9 ամսում ՀՀ կենտրոնական բանկի պարտքը, փոխնախարարի խոսքով` նվազել է, փոխարենը 7 տոկոսով աճել է ՀՀ կառավարության պարտքը։