ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Գազայում հրադադարը կերկարաձգվի՝ յուրաքանչյուր 10 նոր պատանդի ազատ արձակման համար 1 օրով։ Այս մասին NBC հեռուստաալիքին հայտնել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ուսամա Համդանը։
Նոյեմբերի 24–ին Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հրադադարը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև` Կատարի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակում: Գործարքի պայմանների համաձայն՝ հրադադարը կարող է տևել առավելագույնը 10 օր։
Համդանը նաև նշել է, որ հրադադարի երկարաձգումը կախված կլինի առկա պատանդների թվից:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։