Հայաստանը եղել և մնում է դաշնակից. Տասմագամբետովը կոչ է արել կտրուկ հետևություններ չանել

Իմանգալի Տասմագամբետով
Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հրաժարվել էին մասնակցել ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը` մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովում հանրապետության բարձրագույն ղեկավարության բացակայությունը։
Պաշտոնյայի խոսքով՝ իմաստ չունի ինչ-որ կատեգորիկ հետևություններ անել Մինսկի նստաշրջանին Երևանի բացակայության պատճառով:
«Իմ կարծիքով, իմաստ չունի այս իրավիճակից (Հայաստանի պատվիրակության բացակայությունից -խմբ.) որևէ կատեգորիկ հետևություն անել։ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ ՀԱՊԿ-ը պահպանում է իր պահանջվածությունը, և որ բոլոր երկրները համերաշխ են այդ դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում հույս ունեն, որ հայ բարեկամները ժամանակի ընթացքում կվերականգնեն իրենց մոտեցումը հօգուտ կազմակերպությանն ընդլայնված մասնակցության: