Գրիգորյանը ԵՄ փաստահավաք առաքելությանը ներկայացրել է ԼՂ–ից տեղահանվածների կարիքները

ՀՀ փոխվարչապետը ԵՄ ներկայացուցիչների հետ համատեղ կարևորելէ ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստան ժամանած Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները և կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները։ Իր խոսքում նա նաև անդրադարձել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետում:
Հիշեցնենք` նոյեմբերի 20–ին Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Կարգավիճակի մասին համաձայնագիրը, ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը։
Փաստահավաք առաքելությունն արդեն Հայաստանում է, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելություն այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները, կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։