ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունից հետո Բելգիա ուղարկված 3 տուժածներից 2-ը շուտով կվերադառնան Հայաստան: Այս մասին նշվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Բելգիայում բուժում ստացող երեք տուժածներից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն` դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, որոնց մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում): Լուրջ վնասվածքներ ստացած ավելի քան 20 անձ բուժման նպատակով տեղափոխվել է արտասահման։