Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել

Շուշի
Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում սա ադրբեջանական բարբարոսության արդեն 2-րդ դեպքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել` աղբ լցնելով այդ հատվածում։ Տեղեկությունը X–ի միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության «Caucasus Heritage Watch» միջազգային կազմակերպությունը:
Նշվում է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի մեկ այլ հայկական գերեզմանոց:
«Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ոչնչացրել էր Շուշիի հայկական պատմական գերեզմանոցի մի մասը։ Բուլդոզերները ճանապարհ էին բացել «Երևանյան դարպասներ» կոչվող գերեզմանատնով։ Այնտեղ կա 1802-1913 թվականների առնվազն 78 տապանաքար հայերեն գրերով։