▪️ Արցախում Հակարիի ապօրինի անցակետից առևանգված և Բաքվի դատարանում 15 տարվա ազատազրկված Վագիֆ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Փաստաբանը հայտնել է, որ նոյեմբերի 24-ին է հանդիպել Վագիֆ Խաչատրյանի հետ։ Ըստ նրա՝ Խաչատրյանն առողջական խնդիրներ չունի։
▪️ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, որի ձևավորման փուլում Բաբայանն ընդգրկված էր հանձնաժողովի կազմում՝ որպես խորհրդատու, սակայն, մեկ նիստի մասնակցելուց հետո հրաժարվել էր այդ գործառույթից։
▪️ Վարչապետ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը և դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության պաշտոնական նիստին, Alpha News-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը․ «Այո, մենք Երևանից ազդակ ենք ստացել, որ վարչապետը պատրաստվում է դեկտեմբերի վերջին ժամանել Սանկտ-Պետերբուրգ»։
▪️ «Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը: ՀԱՊԿ-ի քարտուղարությունը որքանով տեղյակ է՝ հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել։ Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, և ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի որոշումը»,- ՏԱՍՍ-ին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագանբետովը։
▪️ Այսօր Հայաստան կժամանի Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները։
▪️ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքով տեղեկացնում է, որ ՀՀԿ փոխնախագահ, հափշտակության մեղադրանքով կալանավորված Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ է փոխանցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։
▪️ Արցախում վառելիքի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երեք տուժածներից երկուսը, որոնք բուժում էին ստանում Բելգիայում, ապաքինվել են ու շուտով կվերադառնան Հայաստան: Տուժածներից մեկը կշարունակի բուժումը:
▪️ Դատարանը որոշել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանից ու նրա այրուց՝ Նազիկ Ամիրյանից, հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 1.8 միլիարդ դրամ և 8 ավտոմեքենա։ Բացի այդ, նրանց մոտ գտնվող «Զինվորի բաժին» մակնշմամբ 8000 մթերք, հանդերձանք, դեղորայք կփոխանցվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՊՆ-ի տնօրինմանը։
▪️ Մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» ընկերությունների սեփականատերը և այլ անձինք հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների դիմաց վճարված՝ խոշոր չափերով գումարներ, հայտնում է ԱԱԾ-ն։
▪️ Երևանում ամանորի տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:
▪️ «Վատ եղանակի պատճառով շուրջ 1500 հայկական բեռնատարներ կանգնած են Վերին Լարսի անցակետի մոտ»,- Sputnik Արմենիան տեղեկացել է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանից։
▪️ Ադրբեջանում կայացել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը։ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները 2024 թվականի համագործակցության ծրագիր են ստորագրել։