▪️ Այսօր Հայաստան կժամանի Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները։
▪️ «Մի շարք երկրներ դեռ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, և Ռուսաստանը տեղյակ է Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու նրանց փորձերի մասին»,-«Ռոսիա 1»-ի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ սակայն, ոչ ոք ի վիճակի չէ այնտեղ խաղաղության ու կայունության երաշխավորի դեր խաղալ, բացի Ռուսաստանից։
▪️ Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ։ «Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության ու մշտական անդորրի հաստատումը կարևոր է՝ առանց օտարերկրացիների միջամտության»,- դեսպանների հետ հանդիպումից հետո նշել է Իրանի արտգործնախարարը։
▪️ Ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ սիգի որսը Սևանա լճում արգելվել է մինչև 2024 թվականի հունվարի 20-ը, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
▪️ Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան ու մերկասառույցի պատճառով երթևեկությունը կրկին սահմանափակվել է բեռնատարների համար, Sputnik Արմենիան տեղեկացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանից։
▪️ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ժամանել է Ադրբեջան։ Բավքում նրան դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Գյուլերը Բաքվում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը։
▪️ Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մոտ 40 չվերթներ հետաձգվել են, ևս 7-ը՝ չեղարկվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։ Մոսկվայում մեկ օրում տեղացել է ամսական տեղումների նորմայի 35 տոկոսը: