ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ երկրների միացյալ ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծվել է, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մենք ունենք համաձայնագրեր, ունենք հակաօդային պաշտպանության համակարգեր պետություններից յուրաքանչյուրի հետ։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ղազախստանի, և՛ Ղրղզստանի, և՛ Տաջիկստանի, բնականաբար, և՛ Բելառուսի հետ», - ասել է Շոյգուն «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» հաղորդման ընթացքում հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ համակարգը «հագեցված է և աշխատում է», պարբերաբար վարժանքներ են անցկացվում այն մարտական վիճակում պահելու համար:
«Միավորված ՀՕՊ համակարգ կա ԱՊՀ-ում։ Իսկ ՀԱՊԿ-ում այն փաստացի արված է։ Եթե ձեզ անհրաժեշտ է փաստաթղթավորել, մենք փաստաթղթավորելու ենք: Բայց ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ մենք երկկողմ համաձայնագիր ունենք։ Եվ այդ երկկողմ համաձայնագրով համակարգը ստեղծվել է», - պարզաբանել է Շոյգուն։
Ներկայումս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: