ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելին է տրամադրել 13 պատանդների ցուցակ, որոնք, ինչպես սպասվում է, կիրակի ազատ կարձակվեն ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ynet հարթակին:
Ավելի վաղ Haaretz թերթը, հղում անելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին, հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունը պատանդների ցուցակ է ստացել, որոնց կիրակի ավելի ուշ ազատ կարձակեն, սակայն հստակ թիվը չի նշել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակի 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։