ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն այս տարի Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան վիսկի ներկրող խոշորագույն ընկերությունների թվից՝ 5,6 մլն դոլար ծավալով 6-րդ տեղից բարձրանալով 5-րդ հորիզոնական։ Տեղեկությունը պարզել է ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով այս և նախորդ տարիների հունվար-սեպտեմբերին երկիր այդ խմիչքի խոշորագույն մատակարարների վիճակագրությունը:
Ընդհանուր առմամբ այս տարվա ինն ամիսներին Ռուսաստանը 262,5 մլն դոլարի վիսկի է ներկրել, ինչը գրեթե քառապատկել է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալները։ Ամբողջ ծավալի առյուծի բաժինը կրկին բաժին է ընկել Լատվիային. մերձբալթյան հանրապետությունն առաքել է 190,6 մլն դոլարի արտադրանք: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ մատակարարումներն աճել են ավելի քան վեց անգամ:
Ladoga ընկերության նախագահ Վենիամին Հրաբարը նշում է, որ Լատվիայի այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ վերաարտահանում է ընթանում։
«Եթե նախկինում փաստաթղթերով ներմուծումը Ռուսաստան ուղղակի տարանցվում էր Լատվիայով կամ Լիտվայով, ապա այժմ վերջնակետը Մերձբալթյան երկրներն են, իսկ այնտեղից արդեն մատակարարվում է ՌԴ։ Հետևաբար, մաքսային վիճակագրության համար ուղարկողը Բալթյան երկրներն են: Ըստ էության, լոգիստիկ շղթան չի փոխվել, մի փոքր փոխվել է փաստաթղթաշրջանառությունը։ Պատճառն այն է, որ հաճախ արտասահմանյան մատակարարները չեն ուզում ռիսկի դիմել և Ռուսաստանը նշել որպես առաքման վերջնական կետ», - պարզաբանում է նա։
Առաջատարների հնգյակում են նաև Մեծ Բրիտանիան (10,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 18 տոկոսով նվազում), Ֆրանսիան (7 մլն դոլար, այն ավելացրել է մատակարարումները 1,5 անգամ) և 2,5 անգամ ավելացրել է առաքումները Հայաստանը (5,6 մլն դոլար):