Գիտնականները կենդանիների մոտ շատակերությունից պաշտպանող ազդանշանային համակարգ են գտել

Կովեր. Արխիվային լուսանկար
Գիտնականները նկատել են ռեակցիաների երկու անհավասար մեխանիզմ ՝ առաջինը կարգավորում է կերածի ծավալը, երկրորդը՝ ուտելու արագությունը։ Հետագա ուսումնասիրությունը կօգնի նկարագրել մարդու մոտ շատակերության կենսաբանական մեխանիզմները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Գիտնականները կենդանիների մոտ հայտնաբերել են շատակերությունից պաշտպանող ազդանշանային համակարգեր, հայտնում է Science գիտական հանդեսի կայքը՝ հղում անելով մեկ այլ գիտական հրատարակության՝ Nature-ի վերջին հրապարակմանը:
Գիտնականները նախկինում էլ ուղեղում առանձին բջիջներ էին հայտնաբերել, որոնք սնունդն ընդունելը դադարեցնելու ազդանշան են տալիս։ Բայց անհասկանալի էր մնում, թե ինչպես և երբ է այդ ազդանշանը տրվում։
Նոր ուսումնասիրության մեջ մի քանի տասնյակ գիտնականներ արձանագրել են ուտելու ընթացքում լաբորատոր մկների ուղեղի գործունեությունը։ Նրանք հետևել են նեյրոններին ուղեղի մի հատվածում, որը հայտնի է որպես «մեկ ուղու միջուկ» (այս միջուկը առաջին «անցակետերից» է, որտեղ ուղեղը ստանում է ազդանշաններ, որոնք գալիս են մարմնի մնացած մասից): Նորությունն այն է, որ գիտնականները նկատել են նման ռեակցիաների երկու անհավասար մեխանիզմ՝ առաջինը կարգավորում է կերածի ծավալը, երկրորդը՝ ուտելու արագությունը։ Առաջինը ակտիվանում է, երբ ստամոքսը լցվում է, երկրորդը՝ անմիջապես, երբ բերանում սնունդ (բայց ոչ ջուր) է զգացվում։
«Համեղ բան ուտելիս ուղեղում երկու ազդանշան է առաջանում։ «Դա համեղ է, եկեք ավելի շատ ուտենք», երկրորդ՝ «համեղ է, բայց ավելին պետք չէ, կանգ առեք», - նշում է Մանչեսթերի համալսարանի ֆիզիոլոգ Սայմոն Լակմանը՝ մեկնաբանելով իր գործընկերների ուսումնասիրությունը:
Փենսիլվանիայի համալսարանի ֆիզիոլոգ Նիկոլաս Բեթլին էլ ասում է, որ հագեցվածության ազդանշաններ տվող նեյրոնները մոտ երկու տասնյակ են, ուստի պետք է մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես են դրանք միանում ու ինչպես են աշխատում ուղեղի մնացած հատվածների հետ: Սա, ի թիվս այլ բաների, կօգնի նկարագրել կենսաբանական մեխանիզմը, որն ավելացնում է մեզանից շատերի ախորժակը տոներից առաջ։