ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության համար պարտադիր պայման է պաղեստինա-իսրայելական հակամարտության երկպետական լուծումը, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ ոք երկիշխանական որոշման ավելի ուժեղ պաշտպան չէ, քան նախագահ Ջո Բայդենը, դա պարտադիր պայման է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար», - ասել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սալիվանը նշել է, որ Բայդենի կարծիքով՝ իսրայելցիները և պաղեստինցիները պետք է «հավասար ազատություններ» ունենան, և Սպիտակ տան ղեկավարը մտադիր է «ինտենսիվ աշխատել այդ ուղղությամբ արդեն հիմա, ոչ թե հակամարտությունից հետո»:
«Մենք կարծում ենք, որ սա միանգամայն հարմար պահ է, որ տարածաշրջանում բոլորի՝ Իսրայելի կառավարության, պաղեստինցիների, արաբական երկրների, եվրոպական գործընկերների և այլոց հետ աշխատենք՝ դեպի երկպետական լուծում», - ընդգծել է պաշտոնյան:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակի 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։