Զրույց ոչնչի մասին. ինչո՞ւ է փորձագետը Փաշինյանի նախաձեռնած հարցուպատասխանը շոու համարում

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը չի բացառում, որ վարչապետի նոյեմբերի 24-ի ասուլիսը կազմակերպվել էր որպես նախապատրաստություն առաջիկայում սպասվող արտաքին ու ներքին նոր փորձությունները սպասարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հանրության հետ շփման` Նիկոլ Փաշինյանի ընտրած վերջին ձևաչափն ակնհայտորեն չի ստացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով վարչապետի` նոյեմբերի 24-ին կայացած հարցուպատասխանը քաղաքացիների հետ։
Սուրեն Սուրենյանց
«Եթե այսկերպ փորձ էր արվում հանրային տրամադրություններ պարզելու, ասեմ, որ արդյունավետ ձև ընտրված չէր, որովհետև հարցերի մի մասն ակնհայտորեն գրված էր, նույնիսկ հարց տվողները կարդում էին, դա ակնհայտ էր։ Շատ էին թրենդային հարցերը, այսինքն` այն հարցերը, որ կցանկանային լսել իշխանությունները»,– ասաց Սուրենյանցը` հավելելով, որ սուր հարցերը` իշխանւթյան խոշոր ձախողումների մասին, որոնք հանրության մեջ անթաքույց կան, հարցուպատասխանի ժամանակ այդպես էլ որևէ մեկը վարչապետին չուղղեց։ Սուրենյանցը նաև նկատում է, որ քաղաքացու անվան տակ վարչապետին հարցեր ուղղեցին նաև քաղաքագետ ու լրագրող, և դա այն դեպքում, երբ նախապես հայտարարվել էր, որ հարց տալու իրավունքը տրվել է միայն քաղաքացիներին։
Հարցուպատասխանին սկզբից մինչև վերջ հետևած մեր զրուցակիցը նաև հետաքրքիր զուգահեռներ է նկատել այդ հարցուպատասխանի ու դրանից մեկ օր առաջ տեղի ունեցած կառավարության նիստում հնչած մտքերի միջև։
Ես ինքս ՔԿՀ–ից դուրս եմ եկել համաներմամբ, բայց դա արդյունավետ միջոց չեմ համարում. Փաշինյան
«Օրինակ` կոռուպցիայի, պողպատե մուրճի և այլ թեմաներից տպավորություն էր, թե կառավարության նիստում Փաշինյանն արդեն գիտեր հաջորդ օրը տեղի ունենալիք հարցուպատասխանի բովանդակությունը և կառավարության նիստում նախապատրաստում կամ անոնսավորում էր այդ հարցուպատասխանը։ Դա վկայում է, որ սա, մեղմ ասած, նախապես ծրագրված, հարցերը նախապես տրված միջոցառում էր։
Քաղաքական վերլուծաբանի համար նաև անհասկանալի է, թե վարչապետին ուղղված 500 հարցերից ինչ սկզբունքով էին ֆիլտրվել հնչած 60 հարցերը և ինչ հարցեր էին դուրս մնացել։
«Եթե քաղաքական գործիչն ասելիք է ունենում, տարբեր կրեատիվ մեթոդներ չի փնտրում իր խոսքը, ասելիքը տեղ հասցնելու համար։ Հիմա եթե ինձ հարցնեք արտառոց մի բան, որ վարչապետն ասել է, ես չեմ հիշի։ Մի բան, որ մենք մինչև հիմա չգիտեինք ու երեկ իմացանք վարչապետից, նման բան, անկեղծ ասած, ես չեմ ֆիքսել։ Մեծ հաշվով` սա զրույց էր ոչ մի բանի մասին կամ ասելիք չունեցող առաջնորդի խոսք էր»,– արձանագրում է Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ` ասելիքի բացակայության պայմաններում նման միջոցառում կազմակերպելը կարող է պայմանավորված լինել նաև իշխանությունների վարկանիշի կտրուկ անկմամբ։ Սուրենյանցը կարծում է, որ իշխանությունն այս կերպ փորձում է «տեսարանային թեմաներով»` արդարություն, օլիգարխիայի ու կոռուպցիայի դեմ պայքար և այլն, հանրության մոտ ձևավորել արդարության համար մարտնչող իշխանության կերպար։ Քաղաքագետը նույն հարթության մեջ է դիտարկում նաև ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի` ապօրինի գույքի բռնագանձման գործի վերաբերյալ արդեն մի քանի օր տարածվող պաշտոնական տեղեկատվությունը։
Մենք բանակում ազատվել ենք 5–րդ շարասյունից. Փաշինյան
«Փաշինյանի ամբողջ PR-ը այդ նույն թեմաների շուրջ է պտտվում, որ ինքը ժողովրդավարական է, իրեն կարող է դիմել ցանկացած քաղաքացի, թեև մենք գիտենք, որ ցանկացած քաղաքացի չի կարող դիմել, որովհետև տեսնում ենք այն թիկնազորի պատը, որն իրեն ուղեկցում է։ Այսինքն` փորձում են ժողովրդական վարչապետի իմիջ ստեղծել։ Մյուս կողմից` չեմ բացառում, որ առաջիկայում իշխանության ներսում սպասվում են աղմկոտ ինչ–որ «բացահայտումներ» ու «ձերբակալություններ», իսկ արտաքին ֆրոնտում սպասվում են դժվարին փորձություններ, ու որ այս շոուն կազմակերպվել է որպես նախապատրաստություն` այդ պրոցեսները սպասարկելու համար»,– եզրակացնում է Սուրենյանցը։
Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանեց ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին:
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը վարում էր հարցուպատասխանը, նախապես հայտնեց, որ Փաշինյանին շուրջ 500 հարց են ուղարկել, և քանի որ այդքանին հնարավոր չէ պատասխանել, կոնկրետ խնդիրներ պարունակող հարցերն ուղարկվելու են համապատասխան գերատեսչություններին։
8 ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը պատասխանեց 60 հարցի։
Անկլավների հարց, այո՛, կա՛. Փաշինյանը` Տավուշի մարզի տարածքների մասին