Վահան Քերոբյանը Իտալիայի և Հունաստանի պաշտոնյաների հետ քննարկել է բիզնես ոլորտի հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Իտալիայի և Հունաստանի ներկայացուցիչների հետ խոսել է վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունների ու համագործակցության հեռանկարների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Իտալիայի Բավենո քաղաքում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զբոսաշրջության և բիզնես ոլորտներին վերաբերող հարցեր է քննարկել Իտալիայի զբոսաշրջության նախարարի և Հունաստանի զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային քաղաքականության և զարգացման գծով գլխավոր քարտուղարի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Քերոբյանն Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ քննարկել է երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Քերոբյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային քաղաքականության և զարգացման գծով գլխավոր քարտուղար Միրոն Ֆլորիսի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և զբոսաշրջության ու բիզնեսի ոլորտներում համագործակցության հեռանկարները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային քաղաքականության և զարգացման գծով գլխավոր քարտուղար Միրոն Ֆլորիսի հետ
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն Իտալիայի Հանրապետություն է մեկնել Բավենո քաղաքում անցկացվող «Forum Internazionale Del Turismo 2023» Զբոսաշրջության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով։ Նոյեմբերի 24–ին Քերոբյանն Իտալիայում հանդիպել էր Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։