Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանի կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից:
Սաուդյան Արաբիայի Թագավորության
Հիշեցնենք` նոյեմբերի 24–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանելով ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին` նշել էր, որ առաջիկայում Հայաստանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։ Նա հավելել էր, որ Սաուդյան Արաբիայի հետ վերջին տարիներին շփումներ եղել են, ԱԳ նախարարները մի քանի անգամ հանդիպել են։
Իրանը Սաուդյան Արաբիային առաջարկել է երկխոսել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ