ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. 28-ամյա երիտասարդը թմրանյութերի ազդեցության տակ 62-ամյա մորից պահանջել է իրեն գումար տալ, այնուհետև բացասական պատասխան ստանալով` հարձակվել է կնոջ վրա, խլել պայուսակն ու բռնի ուժ կիրառել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Երիտասարդը մոր պայուսակից հափշտակել է 340 ԱՄՆ դոլար և 15.000 ՀՀ դրամ, ինչին մայրը փորձել է դիմադրել. տեղից բարձրանալով ու որդու հագուստից քաշքշելով՝ փորձել է հետ վերցնել գումարը, սակայն վերջինս, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով մորը կրկին հրելով գցել է բազմոցին և պատուհանից դուրս գալով` փախուստի է դիմել՝ մորը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ:
Վարույթի շրջանակներում նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդու մոտ հայտնաբերվել է հոգեկան և վարքային խանգարումներ՝ առաջացած մի քանի թմրամիջոցների միաժամանակյա օգտագործումից և այլ հոգեակտիվ նյութերի օգտագործումից, նախկին դասակարգմամբ՝ «թմրամոլություն», ախտորոշմամբ` նարկոլոգիական հիվանդություն։
Փորձագիտական եզրակացությամբ` անձն իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ ճանաչվել է մեղսունակ, քանի որ արարքների կատարման պահին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոցներ` համակցությամբ կիրառվել են բացակայելու մասին արգելքը և գրավը՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով:
Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: