ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Չինաստանը դեկտեմբերի մեկից ժամանակավորապես առանց վիզայի ռեժիմ կսահմանի Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Մալայզիայի քաղաքացիների համար։ Տեղեկությունը հայտնում է Reuters–ը
Նշվում է, որ այսպես Չինաստանը ցանկանում է ակտիվացնել զբոսաշրջությունը կորոնավիրուսի համավարակից հետո։
«Այս տարվա դեկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա նոյեմբերի 30-ն այդ երկրների քաղաքացիները, որոնք մուտք կգործեն Չինաստան բիզնեսի, զբոսաշրջության, իրենց հարազատներին և ընկերներին այցելելու կամ 15 օրից ոչ ավել Չինաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելու նպատակով, վիզայի կարիք չեն ունենա»,–ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը:
Նշենք, որ Չինաստանը վերջին ամիսներին քայլեր է ձեռնարկում վերականգնելու համար զբոսաշրջության ոլորտը, որը խիստ տուժել է երեք տարվա ընթացքում կորոնավիրուսի սահմանափակումներից։