Արցախի ժողովրդին լքած ՀՀ վարչապետի կարծիքը մեզ չի հետաքրքրում. Հարավային Օսեթիայի նախագահ

Հարավային Օսեթիայի նախագահը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Դժվարին իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքած Հայաստանի վարչապետի կարծիքը Հարավային Օսեթիային չի հետաքրքրում։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Նշենք, որ նոյեմբերի 24–ին ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն լիովին ընդունում է Վրաստանի միասնությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը, պատասխանելով հարցի՝ արդյոք ՀՀ–ն չի՞ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան։
«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, որի հետ ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղին լքած վարչապետի կարծիքը։ Դժվարին իրավիճակում նա դավաճանեց իր ժողովրդին, որն օգնություն էր ակնկալում Հայաստանից։ Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Մեզ չի հետաքրքրում նման քաղաքական գործիչների կարծիքը»,–ասել է Հարավային Օսեթիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից ճանաչված Հարավային Օսեթիան անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։
Հիշեցնենք, որ Վրաստանը 2008 թվականից սկսած ամեն տարի բանաձևեր է նախաձեռնում Աբխազիայից և Հարավային Օսեթիայից հարկադիր տեղահանված անձանց և փախստականների վիճակի մասին:
Անկլավների հարց, այո՛, կա՛. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին
Մինչև 2019 թվականը Հայաստանը միշտ դեմ է քվեարկել դրանց ընդունմանը, քանի որ վերոնշյալ իրավիճակը համահունչ էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես, Վրաստանի ներկայացրած բանաձևը կոչ է անում ապահովել Աբխազիայից և Հարավային Օսեթիայից փախստականների անվտանգ և անարգել վերադարձը իրենց տներ: Բանաձևի վերնագրում Աբխազիան և Հարավային Օսեթիան անվանվել են Վրաստանի տարածքներ, իսկ չկարգավորված հակամարտությունները՝ ՎՈւԱՄ տարածաշրջանի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) հակամարտություններ։
2019 թվականին Հայաստանն առաջին անգամ դեմ չքվեարկեց Վրաստանի նախաձեռնած բանաձևին, Երևանը ձեռնպահ մնաց քվեարկելուց։ Դա գնահատվել է որպես ժեստ Երևանի կողմից Թբիլիսիի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։