ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կշարունակի իր աշխատանքը հավաքականում։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում Պետրակովը հանդես է եկել Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի հաշվետվությամբ։
«Պետրակովը հանգամանորեն պատասխանել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների բոլոր հարցերին: Ստանալով ապառիչ պատասխաններ` ՀՖՖ գործկոմի անդամները հաջողություն են մաղթել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ 2024 թվականի աշնանը կմեկնարկի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլը։
Հիշեցնենք, որ 2022–ի սեպտեմբերի վերջին հրաժարական ներկայացրեց Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 30-ին, սակայն Հայաստանի հավաքականի խայտառակ ելույթները հանրության շրջանում քննադատության լուրջ ալիք բարձրացրին։ Հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչները նույնիսկ հրաժարվեցին լուսաբանել Կապառոսի ամփոփիչ ասուլիսը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։
2023–ի հունվարին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը կդառնա ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը։