ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրինագծի հարցով լսումները։ Օրինագծի նպատակն է քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց օրենքի նախագիծը` նշելով, որ օրենսդրական այս փոփոխությունը նախաձեռնել են Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի։
«Այս նախաձեռնությունը վերաբերում է մեր պետականության հենասյուներից 2–ին` Արցախի Հանրապետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության իրացմանը և Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման, պահանջատիրության հարցերին»,–ասաց Մինասյանը։
Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը լիովին իրավունք ունի պահանջելու «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրինագծի ընդունումը, քանի որ ԱԺ–ում հայտնված բոլոր 3 քաղաքական ուժերի նախընտրական խոստումներում եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։
Մինասյանի խոսքով` ի տարբերություն ընդդիմադիր քաղաքական ուժերի` իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ոչ միայն հետևողական չի կատարել իր նախընտրական խոստումը, այլև արել է ճիշտ հակառակը, որը հանգեցրել է Արցախի հայաթափմանը։
«Եթե ազգային ժողովի որևէ քաղաքական ուժ դեմ արտահայտվի այս նախաձեռնությանը, ապա պետք է առաջ բերի իրենց նախընտրական խոստումներին համապատասխան այլ նախաձեռնություններ։ Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն այս ինստիտուտն առաջին անգամ գործադրվելու միջոցով հնարավորություն է տալիս քաղաքական ուժերին հաշվետու լինել իրենց ձայն տված քաղաքացիների առաջ»,–ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ ըստ գործող օրենսդրության` թե՛ «ՀայաՔվե» նախաձեռնությունը, թե՛ դրա վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը ենթակա են քննարկման ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դեկտեմբերի 4–ին։ Հաջորդ օրն այն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ: