ՃՈ տեսուչը կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ է տվել շուրջ երեք տասնյակ անձանց

Արխիվային լուսանկար
ՃՈ տեսուչի և նրան օժանդակած մեկ այլ պաշտոնական անձի գործողությունների հետևանքով՝ վարորդական վկայականի համար դիմած տեսական և գործնական գիտելիքներ չունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի ստացել են վարորդական վկայականներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պաշտոնատար անձը, մեկ այլ պաշտոնատար անձի օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու համար դիմած բազմաթիվ անձանցից կաշառք է ստացել ու տվել վկայականներ։ Հարուցված քրեական վարույթի շրջանակներում 15 անձ ձերբակալվել է։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թ. օգոստոսի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Գ. Հ.-ի օժանդակությամբ, ՃՈ տեսուչ Վ. Հ.-ն վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ձևականորեն ընդունել է տեսական և գործնական քննություններ, որի դիմաց յուրաքանչյուրից ստացել է 380.000-ից 500.000 ՀՀ դրամ կաշառք:
Այս գործողությունների հետևանքով՝ վարորդական վկայականի համար դիմած տեսական և գործնական գիտելիքներ չունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի ստացել են վարորդական վկայականներ:
«15 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձը՝ Վ. Հ.-ն ու վերջինիս օժանդակած անձը ձերբակալվել են: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ. Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՃՈ տեսուչ Վ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափով կաշառք ստանալը), իսկ նրան օժանդակած Գ. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափով կաշառք ստանալուն հանցակցելը):
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: