ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտի համար երթևեկությունը թույլատրված է, Sputnik Արմենիային տեղեկացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Ցրտի և մերկասառույցի պատճառով երթևեկությունը կրկին սահմանափակվել է բեռնատար տրանսպորտային միջոցների համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Արգելափակված հատվածը արդեն իսկ անցած բեռնատարները փաստաթղթերը կձևակերպվեն Վերին Լարսի անցակետում, իսկ դեպի Վրաստան ուղևորվող մյուս բեռնատարներին թույլ չեն տա հատել սահմանը, մինչև վրացական կողմում երթևեկությունը բեռնատարների համար չվերականգնվի:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են տանում Կվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի – Գուդաուրի ամենաբարդ և վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ թունել կառուցել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։