ՌԴ-ից Վրաստան Լարսի ճանապարհը փակ է տրանսպորտի համար․ ԱԻՆ

Արխիվային լուսանկար
Որոշումն ընդունվել է տրանսպորտի անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները հաշվի առնելով:
Արգելքը գործում է նոյեմբերի 24 -ից ժամը 17: 20-ից։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բացվել էր նոյեմբերի 23-ին: Մինչ այդ ճանապարհը նոյեմբերի 19-ից փակ էր բեռնատարների համար։
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են տանում Կվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի ՝ Քոբի – Գուդաուրի ամենաբարդ և վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ: Նախնական տվյալներով ՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ թունել կառուցել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։