Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման հարցը

Հեռակառավարման վահանակ
Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են, որ հեռուստաալիքները չպետք է խառնվեն երկրի ներքին հարցերին։ Ըստ Փաշինյանի` այս առումով խնդիրներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդիրները շուտով կկարգավորվեն։ Նա այդ մասին հայտարարեց ուղիղ եթերում` մեկնաբանելով ռուսական հեռուստաալիքների փակմանն առնչվող թեման։
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2020թ․ դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում և հայկական հեռուստաալիքներինը ՌԴ–ում։
«Այնտեղ կա շատ հստակ կարգավորում, որ երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն։ Եվ մենք՝ պետական ինստիտուտները, հեռուստատեսային հեռարձակման հանձնաժողովը և ԲՏԱ նախարարությունը, վերջին ամիսներին հատկապես արձանագրել ենք որոշակի խնդիրներ, որոնք, մեր կարծիքով, խախտում են նշված պայմանագրերը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերություններն ու առկա իրողությունները` ԲՏԱ նախարարությունը ռուսական կողմին հրավիրել է խորհրդակցությունների, որպեսզի քննարկեն իրադրությունը և լուծում գտնեն։
Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ խորհրդակցությունները հնարավորինս արագ տեղի կունենան, որպեսզի հնարավոր լինի հարցերը կարգավորել աշխատանքային, նորմալ, բարեկամական մթնոլորտում։
Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։