ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի հետ կապված ՀՀ կառավարության բոլոր ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում պատասխանելով Մեղրի քաղաքի բնակիչ Շահանե Խաչիկյանի հարցին, որին հետաքրքրում էր` արդյոք երկրի հարավում որևէ վտանգ կա կամ ապակայունացման հավանականություն։
Փաշինյանը նշեց` մտահոգված է այն հանգամանքով, որ որոշ միջազգային գործընկերներ իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս այցելել ՀՀ հարավային հատված։
«ՀՀ կառավարությունը բազմամիլիարդ ներդրումներ է անում ամբողջ երկրում, մասնավորապես Սյունիքում։ Վերջին 5 տարում մենք 100 մլրդ դրամից ավելի ներդրումներ ենք արել այնտեղ»,– ասաց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ Մեղրիում բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, իսկ Սյունիքի մարզում առհասարակ 60 կրթահամալիր է կառուցվում։ Փաշինյանն ասաց, որ Սյունիքում նաև այլ ծրագրեր են իրագործվում, այդ թվում են ԵՄ–ի աջակցությամբ անցակետի կառուցումն ու Կապանի օդանավակայանի գործարկումը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ կարիք չկա Սյունիքի մարզը որպես խոցելի անվտանգային գոտի առանձնացնել, քանի որ անվտանգային խնդիրներ կան նաև Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում։
Ըստ նրա` անվտանգային խնդիրները լուծելու համար է խաղաղության օրակարգը։
Փաշինյանի խոսքով` միջազգային մեծ կոնսոլիդացիա կա ՀՀ–ի տարածքային ամբողջականության շուրջ։