ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ–ն լիովին ընդունում է Վրաստանի միասնությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը։
Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցի՝ արդյոք ՀՀ–ն չի՞ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան։
«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ՄԱԿ–ում Վրաստանին վերաբերող հարցերի քվեարկությունների ժամանակ որոշակիորեն փոխեց իր վարքագիծը, և պաշտոնական Թբիլիսին գոհունակություն հայտնեց։ 2019 թ. ՀՀ–ն առաջին անգամ ձեռնպահ քվեարկեց Վրաստանի նախաձեռնած «Աբխազիայից և Հարավային Օսիայից հարկադիր տեղահանված անձանց և փախստականների վիճակի մասին» բանաձևի քվեարկությանը»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Վրաստանը 2008 թվականից սկսած ամեն տարի բանաձևեր է նախաձեռնում Աբխազիայից և Հարավային Օսեթիայից հարկադիր տեղահանված անձանց և փախստականների վիճակի մասին: Մինչև 2019 թվականը Հայաստանը միշտ դեմ է քվեարկել դրանց ընդունմանը, քանի որ վերոնշյալ իրավիճակը համահունչ էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես, Վրաստանի ներկայացրած բանաձևը կոչ է անում ապահովել Աբխազիայից և Հարավային Օսեթիայից փախստականների անվտանգ և անարգել վերադարձը իրենց տներ: Բանաձևի վերնագրում Աբխազիան և Հարավային Օսեթիան անվանվել են Վրաստանի տարածքներ, իսկ չկարգավորված հակամարտությունները՝ ՎՈւԱՄ տարածաշրջանի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) հակամարտություններ։
2019 թվականին Հայաստանն առաջին անգամ դեմ չքվեարկեց Վրաստանի նախաձեռնած բանաձևին, Երևանը ձեռնպահ մնաց քվեարկելուց։ Դա գնահատվել է որպես ժեստ Երևանի կողմից Թբիլիսիի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։