Ես ինքս ՔԿՀ–ից դուրս եմ եկել համաներմամբ, բայց դա արդյունավետ միջոց չեմ համարում. Փաշինյան

ՀՀ վարչապետի համոզմամբ` դատապարտյալի նկատմամբ ավելի նպատակահարմար է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Շատ դեպքերում համաներմամբ դուրս եկած մարդիկ մի քանի ամսվա ընթացքում վերադառնում են` նոր հանցանքներ կատարելու պատճառով։ Ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` ինչո՞ւ 5 տարի է` ՀՀ իշխանությունները համաներում չեն հայտարարում։
«Համաներում ենք ակնկալում ԼՂ բոլոր հայերի նկատմամբ». ԵՄ–ն հայտարարություն է ընդունել
«Ես, որ 2011 թ. քրեակատարողական հիմնարկից դուրս եմ եկել համաներմամբ, ուզում եմ ասել, որ համաներումն արդյունավետ ինստիտուտ չեմ համարում, քանի որ դա ես տեսել եմ ներսից։ Շատ դեպքերում համաներմամբ դուրս եկած մարդիկ մի քանի ամսվա ընթացքում վերադառնում են` նոր հանցանքներ կատարելու պատճառով»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` այս դեպքում ավելի նպատակահարմար է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը, այսինքն՝ մեխանիկորեն բաց չթողնել, այլ անհատական մակարդակով գնահատել, թե արդյոք կոնկրետ անձը կարո՞ղ է գտնվել ազատության մեջ, թե՞ ոչ։
«Ցավոք, շատ մարդիկ, որոնք պատիժ են կրում, օրինակ` գողությունը համարում են իրենց նորմալ կենսակերպը, բառիս բուն իմաստով՝ մասնագիտություն։ Եթե այդպիսի մարդուն բաց թողնես, նա նորից կգնա գողանալու։ Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ համակարգ, որը կարող է գնահատել, թե ում մոտ հանցանքի կրկնության հավանականությունը բարձր է, իսկ ում մոտ՝ որոշակի մակարդակից ցածր։ Ես հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին զեկուցել ինձ, թե ի՞նչ կարող ենք անել դրա համար»,– նշեց Փաշինյանը։
Ըստ այդմ, վարչապետի խոսքով` ՀՀ–ում պետք է ձևավորել պրոֆեսիոնալ քրեակատարողական համակարգ՝ նաև պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունները գնահատելու համար։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ նախօրեին ստորագրել է ներման միջնորդություն` չհստակեցնելով դատապարտյալի անունը և քրեական հոդվածը։