«Չէի ուզի իջնել նրա մակարդակին». Մինասյանն արձագանքեց Քոչարյանի հայտարարությանը

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանի խոսքով`44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումն ուներ մեկ նպատակ` քաղաքական իշխանությանը ամեն կերպ մաքրել և հեռու պահել Արցախի կորստի մեղավորությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երբեք դեմ չի եղել, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ Շահրամանյանը շատ անկեղծ պատասխանել է մի շարք հարցերի և իր համար իրողություններ բացահայտել։ Նա շեշտել էր, որ հիմա հասկանում է, թե Արծվիկ Մինասյանը ինչու չէր ցանկանում, որ Արցախի նախագահը քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցեր։
«Չէի ուզի իջնել Անդրանիկ Քոչարյանի մակարդակին և ցածր մակարդակի գնահատականներ տալ իր արտահայտություններին, բայց ուզում եմ շնորհավորել իրենց, եթե հասել են իրենց նպատակին։ Բացարձակ նպատակ չեմ հետապնդել , թե ով կգա, ով չի գա (քննիչ հանձնաժողովի նիստին), միայն ի սկզբանե համարել եմ, որ ենթադրյալ հանցագործության մեջ հանրային կարծիքով մեղադրվող անձինք չեն կարող իրենց մեղավորությունը քննել, ինչպիսին այսօրվա իշխանությունն է։ Իրենց անգործությունը չէին կարող քննության առարկա դարձնել»,–ասաց Մինասյանը;
Բացի այդ, ըստ նրա, քննիչ հանձնաժողովը ի վիճակի չէ քննելու այն ողջ ծավալի աշխատանքները, որի մասին բոլորը խոսում են։
Մինասյանի կարծիքով` ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի ստեղծումն ուներ մեկ նպատակ` քաղաքական իշխանությանը ամեն կերպ մաքրել և հեռու պահել Արցախի կորստի, Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգների մեղավորությունից։
«Այսքան ժամանակ որևէ բարձրաստիճան պաշտոնյա` սկսած Նիկոլ Փաշինյանից, ավարտված քաղաքական որոշումներ կայացնող պաշտոնյաներով, հանձնաժողովի կողմից ներկայացված հրապարակային խոսքում իր մեղավորությունը չի ճանաչել»,–ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` ստացվում է` Արցախը կորցրել ենք, հիմա էլ Հայաստանն է կորցնում իր պետականությունը, բայց դրա մեջ ոչ ոք մեղավոր չէ։
44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 3–ին
Հիշեցնենք` Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր մասնակցել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որը դռնփակ է եղել։