Բայդենը համոզել է Նեթանյահուին պատանդների փոխանակման գործարքի գնալ

Արխիվային լուսանկար
Այսօր առավոտյան սկսվել է չորսօրյա հրադադար՝ պատանդների փոխանակման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճնշում է գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա, որ Իսրայելի իշխանությունը համաձայնության գա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ պատանդների փոխանակման շուրջ: Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի:
Զրուցակիցը նշել է, որ պայմանավորվածությունն իր վերջնական տեսքով «չէր արժանանա Նեթանյահուի հավանությանը, եթե նախագահ Բայդենի կողմից ճնշում չգործադրվեր»:
«Դա Բայդենի գործարքն էր, ոչ թե Նեթանյահուի գործարքը», - ավելացրել է հեռուստաալիքի աղբյուրը:
Նոյեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից սկսած առաջին լայնածավալ պայմանավորվածությունն են ձեռք բերել. կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար:
Նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 09:00-ին) սկսվել է քառօրյա հրադադարը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։