Անձնագրերի բլանկները համապատասխանում են տեխնիկական նկարագրի պահանջներին. ՆԳՆ-ն հերքում է

ՀՀ ՆԳՆ հերքում է հրապարակել` ապատեղեկատվություն համարելով «Ժողովուրդ» օրաթերթի կայքի այսօրվա անդրադարձն անձնագրային համակարգում տիրող իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Անձնագրերի համար ձեռք բերված բլանկները համապատասխանում են տեխնիկական նկարագրի պահանջներին, ձևանմուշներն անցել են համապատասխան փորձաքննություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Սրանով ՀՀ ՆԳՆ հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի կայքի այսօրվա անդրադարձն անձնագրային համակարգին՝ այն համարելով ապատեղեկատվություն։
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցրել էր, որ մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ–ում առաջին ընթերցմամբ հերթական անգամ երկարացվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչև կենսաչափական անձնագրերի համակարգին լրիվ անցում անելը։
Օրաթերթի տվյալներով` ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, 2022 թ. նոյեմբերին «մեկ անձից գնման միջոցով» ձեռք է բերվել ռուսական «Պեռվի պեչատնի դվոր» ընկերությունից, մատակարարված «ապրանքը» «անորակ է», այն չի համապատասխանում տեխնիկական բնութագրին, դրանում անարգել են ՀՀ պետական խորհրդանշանը՝ զինանշանը։ Պարբերականը շեշտում է, որ Հայաստանի թագավորություններից 4–ի զինանշանները ոսկեգույն են, մինչդեռ գործող անձնագրերում, տարբեր փաստաթղթերում թագավորությունների զինանշանները սպիտակ են։ Իսկ ըստ օրենքի՝ զինանշանի պատկերի, կառուցվածքի, գույնի փոփոխությունը արգելվում է։
Նշվում է նաև, որ ռուսական ընկերությունը ընդամենը եղել է լոկ անձնագրերը վաճառող, և հայտնի չէ, թե ՀՀ քաղաքացու անձնագիրը որտեղ է տպագրվել. արդյոք այդ ընկերությունը նման փաստաթուղթ արտադրելու միջազգային լիցենզիա է ունեցել։