Ռիսկային տարբերակ է հայկական կողմի համար. փորձագետը` Երևան–Բաքու դեմառդեմ հանդիպման մասին

Վիգեն Հակոբյան
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է խուսափել Հայաստանի հետ ապագա խաղաղության պայմանագրում երաշխավորներ ունենալուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի դեմ առ դեմ հանդիպումը ռիսկային է հայկական կողմի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով սահմանին Երևանի հետ երկկողմ հանդիպում անցկացնելու Բաքվի առաջարկը։
Նոյեմբերի 21-ին Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպել պետական սահմանին կամ փոխընդունելի վայրում։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին առաջարկել էր հանդիպել սահմանազատման հանձնաժողովների ձևաչափով, ինչին Ադրբեջանը համաձայնել է։
Հակոբյանը հիշեցնում է` ժամանակին փորձում էին Արցախին միայնակ թողնել Ադրբեջանի հետ, Հայաստանը նրանց առաջարկում էր ուղիղ բանակցություններ վարել։
«Թե դա ինչի հանգեցրեց, բոլորս տեսանք։ Կարծում եմ, որ այս երկկողմ ձևաչափը, եթե այն կայանա և դրա շրջանակում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, թույլ կտա Ադրբեջանին հետագայում փորձել Հայաստանի հետ անել այն, ինչ նա արեց Արցախի հետ», - նշեց քաղտեխնոլոգը։
Նա ընդգծեց, որ երկար ժամանակ բանակցային գործընթացն ընթանում էր այսպես կոչված երաշխավորների շուրջ։ Այսինքն` ով է երաշխավորելու խաղաղության պայմանագրի իրագործումը։ Տարբեր ժամանակներում այդ երաշխավորները պետք է լինեին Ռուսաստանն ու Արևմուտքը։
«Մինչև վերջին պահը, երբ խոսվում էր, թե որ հարթակում պետք է ընթանան բանակցությունները, ենթատեքստը հենց այն էր, թե ով է լինելու երաշխավորը։ Բոլորն էլ հասկանում են, որ միայն փաստաթղթի ստորագրումը ոչինչ չի լուծի և Ադրբեջանին հետ չի պահի ագրեսիվ նկրտումներից»,- նշեց Հակոբյանը։
Ստացվում է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է պայմանավորվել արևմտյան հարթակներում, բայց Բաքուն չի գնում այդ հարթակներ, քանի որ այնտեղ արդեն ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։ Հայաստանն իր հերթին խուսափում է այլ հարթակներից՝ Ռուսաստան, ԱՊՀ:
Հակոբյանի խոսքով՝ Բաքուն միշտ խուսափել է երաշխավորի հայտնվելու հնարավորությունից, քանի որ դա իրեն ձեռնտու չէ։
«Կարծում եմ, որ այս պահին Ադրբեջանին ձեռնտու չէ խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Բաքուն հասկանում է, որ առանց իրեն զսպող փաստաթղթի կարող է աստիճանաբար, Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով ստանալ առավելագույնը»,– ասաց նա։
Սակայն, ըստ քաղտեխնոլոգի, քանի որ միջազգային տարբեր ատյաններ ակտիվություն են ցուցաբերում հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ, Ադրբեջանն իր համար հարմար տարբերակ է գտել. նա Հայաստանին առաջարկում է դեմ առ դեմ հանդիպումներ` առանց միջնորդների, առանց երաշխավորների:
Ավելի վաղ մեկնաբանելով, թե արդյոք Երևանի համար ընդունելի են Բաքվի հետ առանց միջնորդների հանդիպումները, ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշել էր, որ կան հարցեր, որտեղ նրանց առկայությունը պարտադիր է: