ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում ձերբակալել են տղամարդու, որը նախատեսում էր պայթեցնել ՌԴ մայրաքաղաքի Դմիտրի Ուլյանովի փողոցում գտնվող զինկոմիսարիատը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով քննչական կոմիտեի Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությանը։
«Քննության տվյալներով` 2023 թվականի նոյեմբերին 2001 թվականին ծնված տղամարդը, գտնվելով Մոսկվայի Դմիտրի Ուլյանովի փողոցում գտնվող զինկոմիսարիատի մոտ, հետախուզել է տեղանքը` նպատակ ունենալով հետագայում հասարակության համար վտանգավոր գործողություններ իրականացնել», – ասել են մամուլի ծառայությունից։
ՔԿ–ում հավելել են, որ գործով անցնող անձը 2022 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի նոյեմբեր ուսումնասիրում էր ահաբեկչական գործունեություն իրականացնելու եղանակները, ինչպես նաև զենքի, պայթուցիկ նյութերի հետ վարվելու կանոնները, Մոլոտովի կոկտեյլի և այլ պայթուցիկների պատրաստման եղանակներն ու դրանց կիրառման ձեռնարկները։
«Մեղադրյալի հանցավոր գործունեությունը բացահայտվել և կանխվել է մայրաքաղաքի ՔԿ քննիչների և Մոսկվայի և Մոսկվայի մարզի ՌԴ ԱԴԾ վարչության օպերատիվ աշխատակիցների կողմից», – հավելել են մամուլի ծառայությունից։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.3–րդ հոդվածով (ուսուցում ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով)։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, հարցաքննության ժամանակ նա իր մեղքը չի ճանաչել։ Դատարանի որոշմամբ մեղադրյալին կալանավորել են։ Ներկա պահին մայրաքաղաքի ՔԿ քննիչները պարզում են իրականացրած հանցագործության բոլոր հանգամանքներն ու ապացուցողական բազա հավաքում։