ԼՂ–ից բռնի տեղահանվածներին 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագիրը շուտով կավարտվի

Արխիվային լուսանկար
100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից այս պահին օգտվել է 108 336 անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2 մլրդ դրամ հատկացրեց ԼՂ–ից բռնի տեղահանված 40 հազար շահառուիների` նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին առաջնային սպառողական ծախսերի 50 հազարական դրամների տրամադրման համար։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ այս ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները և կարող են ստանալ էլեկտրոնային դիմումի հիման վրա` բացառապես անկանխիկ եղանակով։
«Այս միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային հաշիվների վրա հոկտեմբերի 2–ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, ՀՀ պետական ռեգիստրում ունեցել են գրանցում սեպտեմբերի 19–ից առաջ, բացակայում են ՀՀ–ից, նոյեմբերի 19–ի դրությամբ ապրում են հյուրանոցներում և հյուրատներում»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է 40+10 հազար ծրագրին, ապա նախարարը նշեց, որ այս պահին արդեն 99 820 շահառուի վճարվել է հոկտեմբեր ամսվա այդ աջակցությունը` առանց դիմումի հիման վրա` բոլոր բռնի տեղահանվածներին։ Ինչ վերաբերում է նոյեմբեր ամսվա վճարումներին, ապա նախարարությունն արդեն ստացել է 85 095 դիմում։ Մկրտչյանը նշեց, որ մեկ այլ նախագծով էլ ՀՀ կառավարությանը կդիմեն մոտ 20 հազար շահառուի համար նոյեմբեր ամսվա վճարումների համար մեկ մլրդ դրամի խնդրանքով։
Ի դեպ, 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից այս պահին օգտվել է 108 336 անձ։ Նախարարի խոսքով` որոշ տվյալների վերլուծությունից հետո այս ծրագիրն ամբողջովին կհամարեն ավարտված։