Իրաքի նախագահն այցելել է ՀՀ–ում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճար. տեսանյութ

Իրաքի նախագահին ուղեկցել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Հայաստանում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճար։ Տեղեկությունը հայտնում է Իրաքի նախագահի մամուլի ծառայությունը։
Ռաշիդին ուղեկցել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարն է:
«Իրաքը հպարտ է, որ իր պատմության և մշակույթի մաս են կազմում եզդիներն ու հայերը։ Եզդիները ենթարկվել են ցեղասպանության, որը 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության շարունակությունն էր»,-ասել է նա։
Հիշեցնենք` Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։