ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Մինսկում ՀԱՊԿ նիստին ՀՀ ներկայացուցիչներ չեն եղել, սակայն սպասվում է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ–ի և ԵԱՏՄ–ի հանդիպումներին նրանք կմասնակցեն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը պատասխանատու է արտաքին քաղաքական խնդիրների համար։
«Ոչ ոք։ Նրանք այսօր չեն ժամանել նիստին և գործնականում չեն մասնակցել դրա նախապատրաստմանը»,– ասել Է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ–ն որևէ մակարդակով ներկայացված եղե՞լ է։
Հարցին, թե արդյոք գագաթնաժողովին հայկական կողմի մասնակցության հրաժարվելը նշանակո՞ւմ է, որ երկիրը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ–ից, նախագահի օգնականը նշել է. «Դա նշանակում է, որ նրանք այսօր չեն եկել նիստին և գործնականում չեն մասնակցել դրա նախապատրաստմանը»։
Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ–ի և ԱՊՀ–ի հանդիպումներին ՀՀ ներկայացուցիչները կգան։
«Ես կարծում եմ, որ Սանկտ Պետերբուրգ ՀՀ ներկայացուցիչները կգան։ Այնտեղ կանցկացվի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպումը և ԵՎՐԱԶԵՍ–ի պաշտոնական նիստը։ Այդ նիստում ԵԱՏՄ նախագահությունն անցնելու է Հայաստանին, ուստի ես կարծում եմ, որ Փաշինյանը կգա` Վլադիմիր Պուտինից էստաֆետն ընդունելու համար»,– մասնավորապես նշել Է Ուշակովը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթաժողովն այսօր անցկացվում Է Մինսկում, որին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել։ ՀՀ ներկայացուցիչները նախօրեին չեն մասնակցել նաև ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, ՊՆ և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։
Հանդիպմանը համաձայնեցվել է շուրջ 20 փաստաթուղթ, այդ թվում՝ կազմակերպության խաղաղապահ զորակազմերին վերաբերող: