ԼՂ–ից բռնի տեղահանվածների հոսք չկա, արտագաղթի երևույթներ չկան. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` ինչ–որ մի պահից ՀՀ կառավարության քաղաքականությունը նրանց նկատմամբ կդառնա նույնը, ինչ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան ՀՀ–ում։ Գործադիր մարմնի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գոհունակությամբ պետք է արձանագրել, որ բռնի տեղահանվածների հոսք որպես այդպիսին չկա, այսինքն` արտագաղթի երևույթներ չկան։ Առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի հարազատների հրավերով մեկնում էին, ապա վերադառնում։ Մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է։ Սա կարևոր ազդակ է մեր կողմից որոշումների կայացման համար»,– նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` ինչ–որ մի պահից սկսած ՀՀ կառավարության քաղաքականությունը նրանց նկատմամբ կդառնա նույնը, ինչ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
«Գաղափարն այն է, որ բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքի միջոցով։ 2023 թ. հոկտեմբերի տվյալներով` ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք. գերազանցել ենք 730 հազարը։ 2018 թ. մայիսից ի վեր ՀՀ–ում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ նոր աշխատատեղերը կշարունակեն դեռ ստեղծվել նաև աշխատաշուկայում ԼՂ–ից բռնի տեղահանվածների ներգրավմամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։