ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները գոհ չեն ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպումից։ Այս մասին հայտարարեց ձկնաբույծներից մեկը։
Նշենք, որ ձկնաբուծարանների ներկայացուցիչները շրջակա միջավայրի նախարարության մոտ բողոքի ակցիա են կազմակերպել, քանի որ դժգոհ են ջրային օրենսգրքի փոփոխություններից։ Նրանք արդեն հանդիպել են ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։
«Հանդիպումից բավարարված չենք, մեզ հուզող հարցի հիմնական պատասխանում նախարարը սկզբում նշեց, որ մենք սխալ ենք հասկացել օրենքի իմաստը, այսինքն` ջուր փակելու կամ ջրի ծավալը նվազեցնելու վերաբերյալ խոսք չկա։ Անձամբ ես հարցրել եմ, թե որն է համակարգ տեղադրելու նպատակը, եթե ջուրը պետք է խնայվի ու 40 տոկոսով վերադարձվի նույն տնտեսություն և տնտեսական աճ գրանցվի։ Բայց, եթե ընդերքից ջրառը պետք է շարունակվի նույն ծավալով, ապա դրա ջրախնայողությունը ո՞րն է լինելու։ Դրան պատասխան չհնչեց»,– ասաց հանդիպման մասնակիցը։
Նա ընդգծեց` նախարարն իրենց որևէ երաշխիք չի տվել, որ հետագայում ջրօգտագործման ծավալները նվազեցնելու վերաբերյալ որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գալու։
Ձկնաբույծը նշեց, որ այս ամենում մեկ դրական բան կա` հաջորդ շաբաթվանից կվերսկսվեն խմբի աշխատանքները և կառավարությունը որոշում կկայանացնի փակ համակարգի տեղադրման կարգի վերաբերյալ։ Նրանց փոխացել են, որ այդ հարցն իրենց հետ կքննարկվի։
Նշվեց, որ հաջորդ շաբաթ Սիմիդյանի հետ հանդիպումից հետո կորոշեն իրենց հետագա անելիքները։ Ձկնաբույծները համոզված են, որ շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է ջուր խնայել իրենց հաշվին, ինչպես նաև չի վերացնելու կորուստները և չի փակի ապօրինի օգտագործվող ջրի հորերը, որոնց վրա չկան տեղադրված հաշվիչներ։