Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի որևէ որոշում չի արգելափակել. Բելառուսի ԱԽ ղեկավար

Հայաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները համաձայնեցրել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ներկայացված բոլոր փաստաթղթերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը չի արգելափակել այսօր Մինսկում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Նրա խոսքով` Բելառուսի ԱԳՆ–ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հետ համատեղ համաձայնեցրել է բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացվել են պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին:
«Դա նույնպես խոսում է փոխըմբռնման մասին (այդ թվում` հայկական կողմից) այն հարցերի լուծման համար, որոնք այսօր կազմակերպության պատասխանատվության ներքո են»,– նշել է նա:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:
Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։