Ադրբեջանը հրաժարվում է եվրոպական համաձայնություններից․ Ալեն Սիմոնյանը՝ դեսպաններին

Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ հանդիպման ժամանակ
ԱԺ նախագահն ափսոսանքով է նշել, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին մասնակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական և ֆունդամենտալ։ Ինչպես հայտնում է ԱԺ լրատվության բաժինը, այսօր Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շուտափույթ մեկնարկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցությանը, մասնավորապես, խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին՝ հավատարիմ չմնալով Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին և ակնհայտ դարձնելով իր ռազմատենչ ու նվաճողական նկրտումները:
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ երկրներին դիտորդներ ուղարկելու համար։ Նա կարևորել է ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, այն համարել նշանակալի քայլ տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ:
ԵՄ դեսպաններին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:
Սիմոնյանը խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին առնչվող հարցերի մասին։
Հայաստանը փորձում է գտնել տարածաշրջանում խաղաղ գոյակցելու բանաձևը․ Ալեն Սիմոնյան
Անդրադարձ է եղել նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ նոյեմբերի 17-ի որոշմանը, որով դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ, այնտեղ մնացածների ու այնտեղից դուրս գալ ցանկացողների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին էին ընդունել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Պաշտոնյաները ԵՄ դեսպաններին են ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, անդրադարձել տարբեր հարցերի։